Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացումը՝ 2026 թ. նոյեմբերի 25
RoadHub-ը ուղևորությունները գրանցելու և վերլուծելու հավելված է, որը ստեղծել է «DINNO» ՓԲԸ-ն (Երևան, Հայաստան, այսուհետ՝ «մենք»)։ Այստեղ բացատրում ենք, թե ինչ տվյալներ են հավաքում հավելվածն ու մեր կայքը, ինչու, ում կարող են դրանք հասանելի լինել և ինչպես դրանք ջնջել։
Կարճ ասած՝ ձեր գտնվելու վայրը ստանում ենք միայն այն ժամանակ, երբ ուղևորություն է գրանցվում կամ երթուղով եք գնում։ Ձեր ուղևորությունները տեսնում եք միայն դուք։ Մենք տվյալներ չենք վաճառում, գովազդ չենք ցուցադրում, և ամեն ինչ կարող եք ջնջել հենց հավելվածից։
1. Ինչ ենք հավաքում
- Հաշիվ՝ էլ. փոստի հասցեն, ցուցադրվող անունը և գաղտնաբառը։ Գաղտնաբառը պահվում է միայն չվերծանվող ձևով (հեշ) և երբեք չի կարող կարդացվել։
- Ուղևորություններ՝ երբ ուղևորություն է գրանցվում (սեղմում եք «Սկսել ուղևորությունը» կամ գնում եք երթուղով՝ նավիգացիան միշտ գրանցում է ուղևորությունը), հավելվածը մեզ է ուղարկում ուղևորության GPS կետերը՝ ժամանակի, արագության, ուղղության, ճշգրտության և բարձրության տվյալներով, ինչպես նաև հեռախոսի գնահատականը՝ մեքենա եք վարում, թե քայլում։ Դրանցով հաշվում ենք երթուղին, հեռավորությունը, ժամանակը, արագությունները և ճանապարհի արագության սահմանափակումները, կտրուկ արգելակումներն ու արագացումները, անցած փողոցները և ծախսված վառելիքի կամ էլեկտրաէներգիայի մոտավոր քանակը։ Երբ հաշվով ուղևորություն է գրանցվում, հավելվածը րոպեն մեկ ուղարկում է նաև դրա վերջին րոպեն, որպեսզի RoadHub-ը տեսնի խցանումներն այն պահին, երբ դրանք կան (բաժին 2)։ Երբ ուղևորություն չի գրանցվում, հավելվածը ձեզ չի հետևում։
- Ձեր մեքենաները՝ ավտոտնակում ընտրված մակնիշը, մոդելը, տարին և վառելիքի տեսակը, ձեր մուտքագրած վառելիքի գներն ու ծախսի թվերը, իսկ լիցքավորվող հիբրիդի համար՝ էլեկտրական ընթացքի պաշարը, թե ինչպես եք լիցքավորում և ձեր նշած լիցքավորումները (երբ և որքան)։
- Ծախսեր և սպասարկում (1.7.0 տարբերակից)՝ եթե դրանք գրանցում եք՝ լիցքավորումները (քանակը, որքան և որ արժույթով եք վճարել, լրիվ եք լցրել թե ոչ, լցակայանի անունը և, եթե այն ընտրել եք քարտեզից, որ լցակայանն է), սպասարկման գրառումները (ինչ է արվել, երբ, ինչ է լցվել կամ տեղադրվել, գինը, վազքաչափը և երբ է հաջորդը) և ձեր նշած վազքաչափը։ Դրանք տեսնում եք միայն դուք։
- Ծանուցումներ (1.7.0 տարբերակից)՝ եթե թույլատրել եք ծանուցումները, հավելվածը մեզ է ուղարկում ձեր հեռախոսի ծանուցումների նշանը (token)՝ հավելվածի լեզվի, ժամային գոտու և տարբերակի հետ, որպեսզի կարողանանք հիշեցնել սպասարկման մասին և պատմել RoadHub-ի նորությունների մասին։ Յուրաքանչյուր տեսակ կարող եք անջատել Պրոֆիլ → Ծանուցումներ բաժնում։
- Նավիգացիա և որոնում՝ երթուղի կառուցելու համար հավելվածը մեր սերվերին ուղարկում է մեկնակետը, նպատակակետը և կանգառները, իսկ հասցե գտնելու համար՝ ձեր գրածը։ Դրանք օգտագործում ենք միայն հարցմանը պատասխանելու համար և չենք պահում։ «Տուն», «Աշխատանք» և վերջին վայրերը պահվում են միայն ձեր հեռախոսում։
- Արագության տեսախցիկներ և փողոցներ՝ հավելվածը ներբեռնում է ձեր շրջակայքի տեսախցիկներն ու փողոցները, որպեսզի աշխատի նաև առանց ինտերնետի. հարցման մեջ նշվում է, թե որ տարածքի համար։
- Ուղևորություններ առանց հաշվի (iPhone)՝ ուղևորությունը գրանցվում է միայն ձեր հեռախոսում և ավարտվելիս ջնջվում է այնտեղ, իսկ դրա GPS կետերը մեզ չեն հասնում։ Մենք ստանում ենք միայն դրա կարճ ամփոփումը՝ երբ է սկսվել, որքան է տևել, քանի կիլոմետր է, արդյոք երթուղով եք գնացել, ինչպես նաև հեռախոսի մոդելը, iOS-ի և հավելվածի տարբերակները և հավելվածի լեզուն։ Ամփոփումն ուղարկվում է պատահական համարով, որը հավելվածը ստեղծում է տեղադրվելիս, որպեսզի կարողանանք հաշվել, թե քանի մարդ է վարում RoadHub-ով։ Այդ համարը կապված չէ որևէ հաշվի, ձեր անվան կամ գտնվելու վայրի հետ, և հավելվածը ջնջելիս այն նույնպես ջնջվում է։
- Սարք և կարծիքներ՝ մուտք գործելիս՝ հեռախոսի մոդելը, նրա օպերացիոն համակարգի (iOS կամ Android) և հավելվածի տարբերակները, իսկ ուղևորությունից հետո՝ ձեր տված գնահատականը և մեկնաբանությունը, եթե գրել եք։
- Ինչպես եք օգտագործում հավելվածը (1.3.0 տարբերակից)՝ որ էկրաններն եք բացում և որ կոճակներն եք սեղմում, օրինակ՝ բացում եք նավիգատորը, ընտրում երթուղին, սկսում ուղղորդումը կամ կիսվում նկարով, ժամի, հավելվածի տարբերակի և հեռախոսի մոդելի հետ։ Դրանցից որոշների հետ գնում են փոքր մանրամասներ, օրինակ՝ երթուղու երկարությունը կամ թե որ ցանկից է ընտրվել վայրը, բայց երբեք՝ վայրը, ձեր գտնվելու տեղը կամ ձեր մուտքագրածը։ Դրանք ուղարկվում են պատահական համարով, որը հավելվածը ստեղծում է հենց դրա համար (ոչ թե առանց հաշվի ուղևորությունների համարով), իսկ երբ մուտք եք գործել՝ նաև ձեր հաշվի հետ։ Android-ում, եթե RoadHub-ը տեղադրել եք մեր գովազդներից մեկից, Google Play-ը հավելվածին հայտնում է, թե որ գովազդից, և հավելվածն ուղարկում է նաև դա։
- Գրանցում մեր կայքում (roadhub.am)՝ անունը, ազգանունը, էլ. փոստը, հեռախոսահամարը (ըստ ցանկության) և էջի լեզուն, որպեսզի ձեզ հրավիրենք փորձելու հավելվածը։
- Մեր կայքի այցելությունները՝ որ էջն եք բացել, այն հղման պիտակները, որով եկել եք (մեր որ գովազդից), այն կայքի անունը, որից անցել եք, հեռախոսից եք, թե համակարգչից, էջի լեզուն և արդյոք սեղմել եք App Store-ի կամ Google Play-ի կոճակը։ Մի այցելությունը մյուսից տարբերելու համար ձեր դիտարկիչը պահում է պատահական համար, մինչև փակեք ներդիրը։ Դրա համար cookie-ներ չենք օգտագործում, և ձեր IP հասցեն դրա հետ չենք պահում։
- Սերվերի մատյաններ՝ մեր սերվերը կարճ ժամանակով պահում է յուրաքանչյուր հարցման տեխնիկական տվյալները (IP հասցեն, ժամը, հարցման ուղին՝ առանց պարամետրերի, հավելվածի տարբերակը), որպեսզի ծառայությունը պաշտպանենք և խափանումները շտկենք։ Գտնվելու վայրն ու որոնման տեքստը մատյաններում երբեք չեն գրանցվում։
Մենք չենք հավաքում ձեր կոնտակտները, լուսանկարները (կիսվելու համար նկարը ստեղծվում է ձեր հեռախոսում և պահվում միայն այնտեղ, որտեղ ինքներդ եք ընտրում), խոսափողի ձայնը կամ գովազդային նույնացուցիչները։
2. Ինչի համար ենք օգտագործում
- Հավելվածի աշխատանքի համար՝ ուղևորությունները գրանցելու և գնահատելու, պատմությունը, հաշվետվություններն ու վառելիքի ծախսը ցույց տալու, տեսախցիկների մասին զգուշացնելու, երթուղով ուղեկցելու և ձեր մուտքը հաշվում պահպանելու համար։
- Ճանապարհների տվյալները բարելավելու համար՝ ճանապարհի յուրաքանչյուր հատվածն անցնելու ժամանակը, առանց նշելու, թե ով է այն անցել, օգնում է բոլորի համար գնահատել ճանապարհի տևողությունը։
- Այսօրվա խցանումները ցույց տալու համար՝ հաշվով ուղևորության ընթացքում դրա վերջին րոպեն համադրվում է ճանապարհների հետ։ Պահում ենք միայն, թե ինչ արագությամբ եք շարժվել յուրաքանչյուր ճանապարհով, տասը րոպե և ամեն օր փոխվող ծածկագրով՝ ոչ թե ով եք կամ որտեղ եք եղել։ Երբ ճանապարհին երկու կամ ավելի վարորդ կա, դրանով անցնող երթուղիները հաշվի են առնում այդ արագությունը, այսինքն՝ հենց այդ պահին եղած խցանումը։
- Հասկանալու համար, թե ինչպես է օգտագործվում RoadHub-ը՝ քանի մարդ է վարում դրանով և որքան, որ էկրաններն ու կոճակներն են օգտագործվում և որտեղ են մարդիկ կիսատ թողնում, որպեսզի բարելավենք հավելվածը, և մեր որ գովազդներն են մարդկանց բերում։
- Ձեզ պատասխանելու համար՝ գաղտնաբառի վերականգնման կոդեր, պատասխաններ ձեր նամակներին, հրավերներ։
- Ծառայությունը անվտանգ և աշխատունակ պահելու համար՝ չարաշահումները կանխելու և սխալները պարզելու համար։
Մենք չենք վաճառում ձեր տվյալները, գովազդ չենք ցուցադրում, ձեր տվյալները չենք օգտագործում գովազդի կամ անձնային պրոֆիլ կազմելու համար և չենք տրամադրում ապահովագրական ընկերություններին կամ որևէ մեկին՝ իր նպատակների համար։ Մյուս վարորդները չեն տեսնում ձեր ուղևորությունները. հանրային պրոֆիլներ և վարկանիշներ չկան։
3. Ում կարող են հասանելի լինել ձեր տվյալները
Միայն ծառայություններ մատուցողները, որոնք մեզ համար ապահովում են RoadHub-ի աշխատանքի մի մասը՝ իրենց գաղտնիության և անվտանգության պայմաններով.
- Neon (Neon Inc.)՝ մեր տվյալների բազան, որը գտնվում է Amazon Web Services-ում, Ֆրանկֆուրտում (Գերմանիա, ԵՄ)։
- Oracle Cloud (Oracle)՝ սերվերը, որի վրա աշխատում են RoadHub ծառայությունը և երթուղիների հաշվարկը, Ֆրանկֆուրտում (Գերմանիա, ԵՄ)։
- Google (Gmail)՝ ուղարկում է մեր նամակները, օրինակ՝ գաղտնաբառի վերականգնման կոդերը։
- Apple (iPhone-ում)՝ տարածում է հավելվածն ու դրա թարմացումները (App Store, TestFlight), ցուցադրում է քարտեզը (Apple Maps) և օգնում է հասցեներ որոնել և վայրերի անունները գտնել։ Երբ որոնում եք կամ նայում եք քարտեզը, Apple-ը ստանում է որոնման տեքստը կամ քարտեզի տարածքը՝ Apple-ի գաղտնիության քաղաքականության համաձայն։ Եթե թույլ եք տվել iOS-ի կարգավորումներում, Apple-ը մեզ է փոխանցում խափանումների հաշվետվությունները՝ առանց ձեզ նույնականացնելու։
- Google (Android-ում)՝ տարածում է հավելվածն ու դրա թարմացումները (Google Play)։ Google-ի ծառայություններով հեռախոսներում գտնվելու վայրը որոշում են Google-ի տեղորոշման ծառայությունները, իսկ հասցեների որոնման և վայրերի անունների համար հարցում է արվում նաև հեռախոսի գեոկոդերին, այսինքն՝ Google-ին. Google-ը ստանում է որոնման տեքստը կամ կոորդինատները՝ Google-ի գաղտնիության քաղաքականության համաձայն։ Եթե թույլ եք տվել հեռախոսի կարգավորումներում, Google-ը մեզ է փոխանցում խափանումների հաշվետվությունները՝ առանց ձեզ նույնականացնելու։
- Apple և Google (ծանուցումներ, 1.7.0 տարբերակից)՝ մեր ծանուցումները հասցնում են Apple Push Notification service-ը iPhone-ում և Firebase Cloud Messaging-ը Android-ում։ Նրանք ստանում են ձեր հեռախոսի ծանուցումների նշանը և ծանուցման տեքստը (օրինակ՝ «Ապահովագրություն · 9 օրից»), բայց ոչ ձեր ուղևորությունները կամ գտնվելու վայրը։
- OpenFreeMap (Android-ում)՝ տրամադրում է այն քարտեզը, որը ցուցադրում է Android-ի հավելվածը։ Քարտեզը ցույց տալու համար հեռախոսը նրանից խնդրում է էկրանին երևացող տարածքը, ուստի OpenFreeMap-ը տեսնում է այդ տարածքը և ձեր IP հասցեն։
- Google Fonts՝ մեր կայքը տառատեսակները բեռնում է Google-ից, որը տեսնում է ձեր IP հասցեն։
Քարտեզի, փողոցների, հասցեների և արագության տեսախցիկների տվյալները վերցված են OpenStreetMap-ից. OpenStreetMap-ին ձեր մասին ոչինչ չենք ուղարկում։ Երթուղիները հաշվարկվում են մեր սեփական սերվերում։
Իշխանություններին տվյալներ տրամադրում ենք միայն օրենքով պահանջվելու դեպքում, օրինակ՝ դատարանի որոշմամբ, և միայն պահանջվող չափով։
4. Որտեղ են պահվում ձեր տվյալները
Եվրոպական միությունում (Գերմանիա)։ Եթե RoadHub-ից օգտվում եք Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրից, ձեր տվյալները փոխանցվում և պահվում են այնտեղ։
5. Որքան ժամանակ ենք պահում
- Հաշիվը, ուղևորությունները և մեքենաները՝ քանի դեռ ունեք հաշիվ։ Հավելվածում ուղևորությունը հեռացնելիս այն թաքցվում է պատմությունից և ընդհանուր թվերից, իսկ վերջնականապես ջնջվում է հաշվի հետ միասին։
- Մուտքի նիստերը ավարտվում են 90 օր չօգտագործվելուց հետո, գաղտնաբառի վերականգնման կոդերը՝ 15 րոպեից։
- Կայքում գրանցումները՝ մինչև խնդրեք դրանք հեռացնել, կամ մինչև այլևս պետք չլինեն ձեզ հրավիրելու համար։
- Սերվերի մատյանները՝ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։
- Առանց հաշվի ուղևորությունների ամփոփումները՝ այդ հեռախոսի վերջին ուղևորությունից հետո երկու տարի։
- Հավելվածի օգտագործումը և կայքի այցելությունները՝ 13 ամիս։ Պատահական համարը, որով դրանք հաշվվում են՝ հավելվածի վերջին օգտագործումից հետո երկու տարի։
- Իրական ժամանակի խցանումների տվյալները՝ յուրաքանչյուր ճանապարհի արագությունը՝ տասը րոպե։
- Պահուստային պատճենները, որոնք արվում են սերվերի թարմացումներից առաջ, ջնջվում են 30 օր հետո։
6. Տվյալների ջնջում
Հավելվածում՝ Պրոֆիլ → Ջնջել հաշիվը։ Հաշիվն անմիջապես արգելափակվում է և մի քանի րոպեի ընթացքում ջնջվում բոլոր ուղևորությունների, GPS կետերի, մեքենաների, հաշվետվությունների և մուտք գործած ժամանակ հավելվածն օգտագործելու գրառումների հետ միասին։ Պահուստային պատճեններից այն անհետանում է 30 օրվա ընթացքում։ Ձեր թողած գնահատականներն ու մեկնաբանությունները մնում են՝ առանց ձեր անվան և հաշվի։
Կարող եք նաև գրել մեզ ձեր հաշվի էլ. փոստից, և մենք կջնջենք հաշիվը։ Կայքում գրանցումը հեռացնելու համար նույնպես գրեք մեզ՝ vahe.minasyan@dinno.am։
7. Ձեր իրավունքները
Կարող եք իմանալ, թե ինչ տվյալներ ունենք ձեր մասին, ստանալ դրանց պատճենը, ուղղել կամ ջնջել դրանք. դրանց մեծ մասը կարող եք տեսնել և փոխել հավելվածում։ Գրեք ստորև նշված հասցեով, և կպատասխանենք 30 օրվա ընթացքում։ Կարող եք նաև բողոքել անձնական տվյալների պաշտպանության մարմնին. Հայաստանում դա Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։
8. Թույլտվություններ
RoadHub-ը խնդրում է օգտագործել ձեր գտնվելու վայրը, երբ օգտվում եք հավելվածից (iPhone-ում՝ նաև «Always», միայն ստորև նշված հիշեցումների համար), և ձեր սկսած ուղևորությունը շարունակում է գրանցվել նաև երբ էկրանը կողպված է. Android-ում այդ ամբողջ ընթացքում ցուցադրվում է ծանուցում։ Այս թույլտվությունը ցանկացած պահի կարող եք փոխել կամ չեղարկել հեռախոսի կարգավորումներում (iPhone-ում՝ Կարգավորումներ → RoadHub, Android-ում՝ Կարգավորումներ → Հավելվածներ → RoadHub → Թույլտվություններ). առանց դրա ուղևորությունները չեն կարող գրանցվել։
Հիշեցումներ ճանապարհին (1.5.0 տարբերակից)․ iPhone-ում, եթե թույլատրեք տեղորոշումը «Always», iOS-ը կարող է արթնացնել RoadHub-ը, երբ հեռախոսը տեղից շարժվի, և հավելվածն այն օգտագործում է միայն հեռախոսում՝ նկատելու համար, որ ճանապարհ եք ընկել, և առանց ձայնի ծանուցմամբ առաջարկելու գրանցել ուղևորությունը. ոչինչ չի գրանցվում և չի ուղարկվում մեզ, քանի դեռ չեք սեղմել այն։ Android-ում նույն հիշեցման համար հավելվածին, որ նստել եք մեքենա, հայտնում է հեռախոսի ակտիվության ճանաչումը («Ֆիզիկական ակտիվություն»). տեղորոշում դրա համար չի օգտագործվում։ Մինչ ուղևորությունը գրանցվում է, RoadHub-ը նաև նկատում է, որ մեքենան երկար կանգնած է, հարցնում է՝ արդյոք ուղևորությունն ավարտվել է, և 30 րոպե անց ինքն է ավարտում այն այնտեղ, որտեղ մեքենան կանգնել է։ Ուղևորության սկզբի հիշեցումները կարող եք անջատել Պրոֆիլ → «Հիշեցնել գրանցման մասին», կամ չեղարկել թույլտվությունները հեռախոսի կարգավորումներում։
Android-ում, եթե պրոֆիլում ընտրել եք վարելիս չստանալ զանգեր կամ ծանուցումներ, RoadHub-ը խնդրում է «Չանհանգստացնել» ռեժիմի կառավարման թույլտվություն և այն օգտագործում է միայն իր «Չանհանգստացնել» կանոնը ուղևորության սկզբում միացնելու և վերջում անջատելու համար։ Թե ով կարող է այդ ընթացքում զանգահարել, որոշում է Android-ը՝ ըստ ձեր աստղանշված կոնտակտների. RoadHub-ը ձեր կոնտակտները չի կարդում։
9. Երեխաներ
RoadHub-ը ստեղծված է վարորդների համար և նախատեսված չէ 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Մենք գիտակցաբար երեխաների տվյալներ չենք հավաքում. եթե կարծում եք, որ երեխան մեզ տվյալներ է տրամադրել, գրեք մեզ, և մենք կջնջենք դրանք։
10. Անվտանգություն
Կապը գաղտնագրված է (HTTPS), գաղտնաբառերը պահվում են հեշի տեսքով, իսկ սերվերներին հասանելիություն ունեն միայն ծառայությունը սպասարկող մարդիկ։
11. Փոփոխություններ
Եթե փոխենք այս քաղաքականությունը, կթարմացնենք վերևում նշված ամսաթիվը, իսկ կարևոր փոփոխությունների մասին կտեղեկացնենք հավելվածում կամ էլ. փոստով՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը։
12. Կապ
«DINNO» ՓԲԸ, Երևան, Հայաստան · vahe.minasyan@dinno.am